25.03.2016

Համացանցում հասանելի է LoveWave-ի Lyrics video-ն

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը կներկայանա “LoveWave” երգով: Եվրատեսիլյան բազմաթիվ երկրպագուների խնդրանքով պատրաստվել է երգի Lyrics video-ն՝ երգի խոսքերը ներկայացնող տեսահոլովակը, որն արդեն հասանելի է համացանցում:

Մրցույթի այս տարվա Հայաստանի պատվիրակ, “LoveWave” երգի խոսքերի համահեղինակ Իվետա Մուկուչյանը փորձել է խոսքերի միջոցով պատկերել եւ ներկայացնել սիրո զգացմունքն իր բոլոր նրբություններով ու առանձնահատկություններով: «Խոսքն այն ուժի մասին է, որը մեկ ակնթարթում կարող է փոխել ամեն ինչ՝ առաջացնելով նոր փոթորիկ, նոր խառնաշփոթ, իսկ երբեմն նույնիսկ խաղաղություն եւ ներդաշնակություն բերել»

“LoveWave” երգում նկարագրվում է, թե ինչպես մի երեւույթը կամ մի անհատը կարող է այնքան մեծ ազդեցություն ունենալ, որ ընդամենը վայրկյանների ընթացքում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը կարողանում է տեղաշարժել երկրակեղեւը: Ինչպես երկրաշարժը կարող է տակնուվրա անել աշխարհը, այնպես էլ սերը կարող է տակնուվրա անել մարդու սիրտը:

«Երբ առաջին անգամ լսեցի այս երգը, միանգամից մտածեցի ալիքի մասին: Իսկ «LoveWave» -ը երկրաշարժի առաջին ալիքն է, նախազգուշացնող ազդանշանը: Առաջին իսկ պահից կասկած անգամ չունեի, որ երգը պետք է այս անունը կրի»,- նշում է Իվետա Մուկուչյանը՝ հավելելով, որ սկզբում ասված խոսքերն ամբողջությամբ բնութագրում են երգը«Եվ հիմա ես արթնանում եմ ու դուրս եմ գալիս ժամանակի եւ տարածության սահմաններից»:

 Երգի համահեղինակ Սթեֆանի Քրաթչֆիլդը երգի խոսքերի միջոցով փորձել է ցույց տալ բոլորին, որ կյանքի յուրաքանչյուր պահ շատ կարեւոր է: «Ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել ընդամենը մեկ ակնթարթում: Պետք է գնահատել ունեցածը: Իսկ լավ փոփոխություններ անելու համար միշտ եղել է եւ կլինի հզոր մի զենք, որի անունն է սեր»,- նշում է Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ: