Genealogy
Genealogy Armenia
  • Song

    Face The Shadow

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Արմեն Մարտիրոսյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Իննա Մկրտչյան

Genealogy

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին ներկայացավ յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով: “Genealogy” խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ էին, ովքեր ներկայացնում էին երկրագնդի 5 աշխարհամասերը եւ Հայաստանը (Եսայի Ալթունյան-Եվրոպա, Թամար Կապրելյան- Ամերիկա, Վահե Թիլբյան- Աֆրիկա, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան-  Ավստրալիա, Ստեֆանի Թոփալյան- Ասիա, Ինգա Արշակյան- Հայաստան):
Հայաստանը մրցույթին ներկայացավ “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով. երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան, խոսքերի հեղինակ` Իննա Մկրտչյան:
“Face The Shadow” երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ իհարկե սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի: “Genealogy”-ն այս երգով աշխարհին հիշեցնում է, որ երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր զգացողությունների եւ ապրումների, իսկ որ ամենակարեւորն է, խմբի ձեւավորմամբ եւ տեսահոլովակով ցույց տվեց, որ թեեւ սերունդները փոխվում են, այնուամենայնիվ ծագումնաբանությունը մնում է նույնը. չէ՞ որ սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են:
"Face The Shadow" երգն ունիվերսալ է, կարծես մյուզիքլից մի հատված լինի, որն իր մեջ կարողացել է ներառել եւ զուգակցել վեց երգիչների ձայնային, ոճային եւ տեմբրային առանձնահատկությունները:
“Genealogy” խմբի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները:
Տեսահոլովակում` որպես կապող օղակ, ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու պահպանման գաղափարի հետ: 
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը անցկացվել է մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Մրցույթին մասնակցել է 40 պետություն:
Հայաստանը ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` մայիսի 19-ին, երկրորդ համարի ներքո:
Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ ունեցան հետեւյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կայացավ մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ ունեցան հետեւյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:
Մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ ունեցան նաեւ «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:
Մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է Ucom ընկերությունը: