
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային առաջատար մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտ Արմենակյանը, որն էլ կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցույթում։
Ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը: Հաշվի է առնվել նաև միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։
Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է վեց տարեկանում։ 2018թ.-ից նա հետևում է Մանկական Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին երեք տարիներին, մասնակցելով հայաստանյան նախընտրական փուլերին, փորձել է իրականություն դարձնել իր երազանքը։
«Անչափ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը Մանկական Եվրատեսիլում։ Երազանքներն իսկապես իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց։ Մանկական Եվրատեսիլի մեծ բեմում երգելն ու աշխարհին մեր երկիրը ներկայացնելը եղել է իմ ամենամեծ երազանքը, որն այսօր արդեն իրականություն է։ Սա նաև մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որին ես պատրաստ եմ։ Խոստանում եմ, որ կանեմ ամեն բան՝ մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար» - նշում է Ալբերտը։
Ալբերտը սովորում է Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում, հաճախում է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժին և Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի վոկալի բաժին։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր երաժշտական նախագծերի և մրցույթների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այս տարի մասնակցել է ֆրանսիական մանկական «Ձայնը» (The Voice Kids) նախագծին, որտեղ նշանավոր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։
«Հայաստանը Մանկական Եվրատեսիլի ամենահաջողակ և ամենասպասված երկրներից մեկն է։ Յուրաքանչյուր տարի, երկրպագուներն անհամբերությամբ սպասում են, թե ի՞նչ է ներկայացնելու աշխարհին Հայաստանն այս անգամ։ Պիտի խոստովանեմ, որ ժյուրիի առջև իսկապես շատ բարդ առաջադրանք էր դրված՝ ընտրել լավագույնին 80-ից ավել տաղանդավոր երեխաների շարքից, բայց անչափ ուրախ եմ, որ թե' հայաստանյան, թե' միջազգային մասնագետներն ընտրեցին հենց Ալբերտին։ Այս տարի, Հայաստանն իսկապես նորովի է ներկայանալու մրցույթին՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով և մեծ երազանքով» - նշում է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։
Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով: «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։