11.11.2022

Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր

Այսօր մայրաքաղաքի սրտում Եվրատեսիլը Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի մեկնարկը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար. «Միջոցառմանը հետևելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի տոնական ձևավորման ու լուսավորման ուղղությամբ: Այս տարի հենց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներն են վառելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը»:

Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսիյանն էլ նշեց, որ այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի բոլորը մասնակից դառնան տոնին. «Ես հիշում եմ, թե մենք ինչ պատրաստություն էինք տեսնում մեկ տարի առաջ՝ «Մանկական Եվրատեսիլի» նախօրեին: Ամեն բան արեցինք, որ Մալենան հրաշալի ելույթ ունենա ու հաղթի: Այդպես էլ եղավ, հրաշքը պտտվեց, և այս մրցույթը եկավ Հայաստան: Առաջիկա մեկ ամսում քաղաքը կշնչի Եվրատեսիլով: Ակտիվ շրջանը սկսված է, շուտով կլինի նաև տոմսերի վաճառք: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և մեր բոլոր գործընկերներին աջակցության համար»:

Միջոցառմանը ներկա էին նաև մասնակից երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, մրցույթի գործընկերներն ու Եվրատեսիլի երկրպագուները: 20-րդ հոբելյանական Մանկական Եվրատեսիլին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:

Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Առաջին Ալիքը կկազմակերպի տարբեր միջոցառումներ տոնական տրամադրությունը համաքաղաքացիներին և զբոսաշրջիկներին փոխանցելու համար: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մրցույթի մասնակիցները կվառեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: