23.10.2017

«Բումերանգ». Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի

«Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) կներկայանա «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը: 
 
Միշան այս մրցութային երգով ևս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում: Նա վստահ է՝ բումերանգի նման բարությունն ունի մի հատկությունը, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն:
 
«Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարևոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին և բարի լինել միմյանց նկատմամբ»,- նշում է Միշան:  
 

Հիշեցնենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: «Փոքրիկ Ղարաբաղցին» 2016 թ-ին Հայաստանը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
 
Հավելենք նաև, որ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն ևս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան: