10.08.2016

«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը
Նրանց թեկնածությունը հաստատել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը՝ ներքին ընտրության արդյունքում: 
13-ամյա Անահիտ Ադամյանը ծնվել է Սոչի քաղաքում, մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013-ից, ուսանել նաև Հայաստանում: Իսկ Մերի Վարդանյանը, որը նույնպես 13 տարեկան է, ծնվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում: Երաժշտությունում առաջին լուրջ քայլերն արել է 2011 թվականից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:
Մրցութային երգը կներկայացվի վաղ աշնանը:
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: