24.09.2014

Մրցույթին Հայաստանը կներկայացնի 11-ամյա Բեթթին

 «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին Հայաստանը կներկայացնի 11-ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) «Արեւի մարդիկ» երգով: Կարելի է ասել, որ այս երգը ճիշտ Բեթթիի մասին է. նա արեւի նման ջերմ ու լուսավոր է, ունի բազմաթիվ հետաքրքրություններ ու երազանքներ: Դպրոցից բացի նա լրջորեն զբաղվում է վոկալով, դասական պարով ու ձեռագործությամբ. ասեղնագործությունն ու օրիգամին նրա առօրյայի անբաժան մասն են կազմում: Սակայն այս ամենին զուգահեռ կա մի աշխարհ, որտեղ նա արդեն լուրջ հաջողություններ է գրանցել՝ հեռուստատեսությունը: Նա Հայաստանի ամենահայտնի ու սիրված պատանի հաղորդավարներից է, որը պարբերաբար հարցազրույցներ է ունենում թե′ իր հասակակիցների, թե′ հայտնի եւ սիրված արվեստագետների հետ, վարում է մանկապատանեկան համերգներ եւ նկարահանվում տարբեր նախագծերում:

Նախորդ տարի մրցույթի հայաստանյան ընտրությանը Բեթթին ներկայացել է խմբով եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը, ինչը նրան դրդել է էլ ավելի լավ պատրաստվել 2014-ի ընտրությանը եւ ներկայանալ անհատական երգով: Այս հարցում նրան օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը:

Շուրջ մեկ շաբաթ առաջ ներկայացվել է «Արեւի մարդիկ» երգի տեսահոլովակը, որը նկարահանել է հենց Բեթթին՝ selfie վիդեո տարբերակով:  Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը: Տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: Այն շուրջ մեկ շաբաթվա ընթացքում Youtube-ում հավաքել է ավելի քան 50 000 դիտում:

Հայաստանի միավորներն այս տարի կհայտարարի «Մանկական եվրատեսիլ-2013-ի» հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: Մրցույթն այս տարի կանցկացվի #together (միասին) կարգախոսի ներքո: Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: