09.09.2014

Սեպտեմբերի 14-ին կլինի հայաստանյան մասնակցի ընտրությունը

Ավարտվել է «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 14-ին Առաջին ալիքի եթերում

Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 87 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից լավագույնները: Ընտրություն կատարելիս հաշվի կառնվի ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Նիդերլանդները եւ Ուկրաինան:

Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:

Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8-կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: