Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներքին ընտրությամբ ընտրել է Սիմոնին. նա կներկայանա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում իր “Paloma Rumba” երգով։
Սիմոնը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 9-ին, Հրազդանում, բժիշկների ընտանիքում: Դեռ վաղ տարիքում ցուցաբերել է երաժշտության, պարի և կատարողական արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրություն: Ընտանիքի անդամները հաճախ կատակում են՝ ասելով, թե Սիմոնը քայլել և խոսել սովորելուց առաջ երգել ու պարել է սովորել:
Լեգենդար կատարողներով և հատկապես Մայքլ Ջեքսոնով ոգեշնչվելով՝ Սիմոնը ամուր կապով կապվել է բեմին և կատարողական արվեստին: Տարիներ տևած նվիրական ու համառ աշխատանքի շնորհիվ Սիմոնը դարձել է Հայաստանի ամենաճանաչված պարող արտիստներից մեկը:
Վերջին տարիներին Սիմոնը զարգացրել է նաև իր վոկալը՝ կենդանի կատարումների շնորհիվ դառնալով երևանյան երաժշտական հայտնի ակումբներից մեկի գլխավոր երգիչը:
2025 թվականին Սիմոնը մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ»-ին: Նրա կատարումը մեծ ընդունելության է արժանացել միջազգային ժյուրիի կողմից. այստեղ Սիմոնը դարձել է միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող հիմնական հավակնորդներից մեկը և մրցակցությունն ավարտել երկրորդ հորիզոնականում:
Հետևելով Սիմոնի փորձին և շարունակական զարգացմանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներքին որոշմամբ Սիմոնին ընտրել է որպես «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ:
ԵՐԳԻ ՄԱՍԻՆ
«Paloma Rumba»-ն խեղդող առօրյայի միօրինակությունը մերժելու և հարմարավետության գոտուց դուրս գալով` ինքդ քեզ և երազանքդ ընտրելու մասին համարձակ երգ է։ Վերնագիրը բառացի թարգմանվում է իբրև «Աղավնու ռումբա» (կամ «Աղավնու պար»), որը խորհրդանշում է ազատության թռիչքը, որով աղավնին ճախրում է երկար ժամանակ վանդակում մնալուց հետո։ Հումորի, յուրօրինակության և պայթյունային էներգիայի լեզվով երգը պատմում է մի տղայի մասին, որը հրաժեշտ է տալիս իր գրասենյակային կյանքին և ընտրում իր տարերքն ու սեփական ես-ին ու երազանքներին հավատարիմ լինելը։ Իր խորքում «Paloma Rumba»-ն նշանավորում է այն պահը, երբ հրաժեշտ ես տալիս այն կյանքին, որը հետ է պահում սրտի ռիթմին համընթաց քայլելուց։
Երգի երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, ով հայտնի է Եվրատեսիլի երկրպագուներին մի շարք եվրատեսիլյան երգերով, այդ թվում՝ “Love Wave” (Իվետա Մուկուչյան, Եվրատեսիլ 2016), “Not Alone” (Արամ MP3, Եվրատեսիլ 2014)։ Նա նաև հեղինակն է Ալբերտի “Brave Heart” երգի, որը ներակայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։
«Paloma Rumba»-յի խոսքերի համահեղինակը Ռոզա Լինն է` Դավիթ Ծերունյանի և Էվա Ոսկանյանի հետ համատեղ։ Ռոզա Լիննի «Snap»-ը դարձել է համաշխարհային հիթ` միևնույն ժամանակ դառնալով Եվրատեսիլի պատմության մեջ ամենաշատ լսված երգերից մեկը։
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ
Երգի տեսահոլովակում պատկերվում է Սիմոնի կերպարը, որը երկրորդ հորիզոնականով ավարտում է «Դեպի Եվրատեսիլի» նախորդ տարվա պայքարը։ Հիասթափվելով, բայց առաջ շարժվելու վճռականությամբ լցված` Սիմոնի կերպարը որոշում է փոխել կյանքի ընթացքն ու անցնում է գրասենյակային սովորական աշխատանքի, բայց միևնույն է` նա չի կարողանում ազատվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու իր մեծ երազանքից։ Տեսահոլովակի ամբողջ ընթացքում գրասենյակային առօրյան ընդմիջվում է երևակայակայան պատկերներով, ելույթով և բեմի մասին հիշողություններով։ Ներքին լարվածությունն աճում է և հասնում իր գագաթնակետին. գալիս է այն պահը, երբ գլխավոր հերոսը որոշում է թողնել իր առօրյա կյանքն ու երազանքին հետևելով` վերադառնալ եվրատեսիլյան մրցաբեմ։
Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է (արտադրությունը` Directorium Creative Bureau-ի)։ Մտահղացման հեղինակը Դավիթ Ծերունյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը։ Խորեոգրաֆիայի հեղինակը Քրիստինա Հովակիմյանն է։
Տեսահոլովակի տեսողական ոճն ապահովել է Արմեն Գալյանը, իսկ Լիլիթ Մխիթարյանն ու Լիլիթ Կետիկյանը ապահովել են նկարահանման հրապարակի ձևավորումը։ Տեսահոլովակի մոնտաժն ու գունաշտկումը` Կարեն Մելքումյանի։
Սիմոնն ասում է.
«Երկար տարիներ երազում էի մեծ բեմի ու Եվրատեսիլի մասին, և այսօր իմ երազանքը դարձել է իրականություն։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի ու անշեղ հավատքի արդյունքն է։ Հուսով եմ, որ իմ երգը ձեզ կհաղորդի ազատության զգացում, կտա հզոր էներգիա ու կհիշեցնի, որ երբեմն երազանքի ու հաջողության համար բավական է միայն մեկ համարձակ քայլ անել՝ դուրս գալ հարմարավետության գոտուց»։