
«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը կներկայացնի Պարգը
Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի Պարգը՝ «Survivor» երգով: Երգի հեղինակներն են Թոմաս Ջիսոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» հաղթող երգի հեղինակը):
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում վաստակելով 214 միավոր Պարգը հնարավորություն ստացավ մասնակցելու «Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթին: «Survivor» երգը խոսում է տոկունության, ինքնահաստատման և ներքին ուժի մասին։ Այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ և կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաև հայերեն տող՝ «Լույսը հոգումս վառվող ոչ ոք մարել չի կարող», որն ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։
«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակությունն արդեն Բազելում է: Մայիսի 6-ին և 8-ին տեղի են ունեցել Պարգի բեմական փորձերն Եվրատեսիլյան բեմում: Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին: Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում` 05 համարի ներքո: