14.07.2016

Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլ» մեգանախագծի հայտերի ընդունումը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի մասնակցության հայտագրումը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը հետեւյալ հղումով` eurovision.am/application: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները եւ ամբողջ աշխարհում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017 թ-ի մայիսի 9-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ շուրջ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները,  ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետեւելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»:

Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա որպես մրցանակ ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցությունեվրոպական ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

Նախագծին մասնակցելն անվճար է:

Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ օգոստոսի 25-ը: