11.05.2016

Իվետան սիրո ալիք կսփռի նաև «Եվրատեսիլի» եզրափակչում

Ստոկհոլմի «Գլոբեն» մարզահամերգային համալիրում երեկ երեկոյան «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ: Նա իր «Սիրո ալիք» երգով հայտնվեց եզրափակչում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին

Կիսաեզրափակչից հետո հաղթող մասնակիցների մամուլի ասուլիսի ժամանակ հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին շվեդ լրագրողներից մեկը հարցրել է. «Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշը Եվրոպայում քաղաքականապես ամենաշահարկված դրոշներից մեկն է համարվում, ինչու՞ որոշեցիք այն բարձրացնել կանաչ սենյակում»: Իվետա Մուկուչյանը պատասխանել է.«Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, իմ սիրտը, իմ մտքերը, իմ զգացմունքները: Բոլոր ապրումներս ու մտքերս իմ մայր հայրենիքի հետ են: Միակ բանը, որ ես ուզում եմ ասել և տարածել, պարզապես խաղաղությունն է սահմաններին: Հայաստանը պարզապես խաղաղություն է ուզում: Եվ դա է պատճառը, որ ես գրել եմ այս երգը՝ ցանկանալով տարածել սիրո ալիքը: Ես ապրում եմ Գերմանիայում, բայց ես հայ եմ, և գիտե՞ք, ես ինտերնացիոնալ եմ: Ես այդպես եմ մեծացել: Ես միայն ուզում եմ սեր տարածել: Ահա թե ինչու ես բարձրացրի դրոշը: Որովհետև ես, իսկապես, ուզում եմ, որ մարդիկ կենտրոնանան խաղաղության խնդրի վրա»: