04.07.2023

Առաջին ալիքը հայտարարում է մրցույթ՝ ընտրելու «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակին

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով:

Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչեւ 2014թ.-ի նոյեմբերի 26-ը եւ 2008թ.-ի նոյեմբերի 27-ից հետո):

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների երկրորդ փուլին: Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթող մասնակցին. Այսպիսով նա կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:

 Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը: Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: