28.11.2022

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլի» ԶԼՄ հավատարմագրումը

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, մեկնարկել է լրագրողների հավատարմագրումը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի լուսաբանման համար. այն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) մշակած ընթացակարգով և անվտանգության կանոններով, Միության կողմից ստեղծված համակարգով:

Լրատվամիջոցների հավատարմագրման համար հայտերը կարող են ներկայացվել մինչև 2022թ. դեկտեմբերի 2-ը՝ 21:00-ն: Բոլոր հայտերը կդիտարկվեն մինչև դեկտեմբերի 4-ը:

Հաշվի առնելով մրցույթի հանդեպ տեղական և միջազգային լրատվամիջոցների հետաքրքրությունը՝ ԵՀՄ ռազմավարությամբ նախապատվությունը տրվելու է առավել մեծ ծածկույթ ունեցող ԶԼՄ-ներին:

Հավատարմագրված լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների համար Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործելու է հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած մամուլի կենտրոն, որը ներառում է մամուլի ասուլիսի սրահ, աշխատանքային առանձին հատված, ինչպես նաև հարցազրույցների համար նախատեսված ձայնամեկուսացված սենյակներ: Մամուլի կենտրոնը բաց կլինի դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 11-ը:

Ուշադրություն՝ հավատարմագրված լրատվամիջոցները փորձերին և շոուին հետևելու են լրագրողների համար առանձնացված աշխատանքային հատվածից՝ էկրանների միջոցով: 

Խնդրում ենք համոզվել, որ կոնտակտային տվյալները և ձեր ղեկավարության տվյալները ճիշտ են լրացված:

Հայտը լրացնելիս յուրաքանչյուր դիմորդ պետք է նշի լրատվամիջոցի տեսակը և  ներկայացնի իր լրատվամիջոցի ծածկույթի վերաբերյալ տվյալներ: Խնդրում ենք ուշադիր լինել հայտը լրացնելիս, քանի որ սխալ կամ կեղծ տվյալներով լրացված հայտերը չեն դիտարկվի:

Հավատարմագրվելիս դուք հաստատում եք գաղտնիության կաննոները. խստիվ արգելվում է 

  • ձայնագրել, փոխանցել բուն շոուից կամ փորձերից լուսանկարներ, ձայնագրություններ, որոնք կատարվել են Մարզահամերգային համալիրի ցանկացած կետից, ներառյալ՝ լրագրողների համար նախատեսված էկրաններից, 
  • միտումնավոր կամ չմտադրված տարածել այդ նյութերը սոցիալական ցանցերում և ինտերնետ տիրույթում առհասարակ, 
  • միջոցառմանը ձեր մասնակցության հետ կապված ցանկացած բովանդակության ուղղակի մոնտետիզացիան Մամուլի կենտրոնում կամ Համալիրի այլ կետում այնպիսի գործիքների միջոցով, ինչպիսիք են YouTube-ի Super Thanks-ը, Tiktok-ի LIVE GIFTS-ը և այլն:

Դիմելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ http://ebu.eventgo.se.

Ներբեռնեք հավատարմագրման կանոնները

Ներբեռնեք հավատարմագրման գաղտնիության կանոնները 

Հավատարմագրման հաստատման դեպքում Ձեր անցաքարտը կարող եք ստանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հավատարմագրման կենտրոնից (Երևան 0028, Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1): Կենտրոնը բաց կլինի ամեն օր ժամը 10:00-18:00: