02.11.2019

Կայացավ Մանկական Եվրատեսիլ 2019-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան

Րոպեներ առաջ տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանի “Colors of your dream” երգի տեսահոլովակի պրեմիերան։

«Անչափ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ հանդիսատեսին ներկայացնել իմ եվրատեսիլյան երգի տեսահոլովակը։ Նկարահանումները շատ լավ են անցել եւ ես անհամբեր սպասում էի արդյունքին։ Կարծում եմ, շատ գունեղ ու դրական տեսահոլովակ է ստացվել եւ հուսով եմ, որ հանդիսատեսին դուր կգա» - ասել է Կարինա Իգնատյանը։

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Անուշ Տեր-Ղուկասյանն ու Դավիթ Ծերունյանը ներկայացրեցին տեսահոլովակի նկարահանման ու պատվիրակության նախապատրաստական աշխատանքների մանրամասները։

«Այս անգամ տեսահոլովակի նկարահանումը վստահել էինք ռուսաստանաբնակ մեր գործընկերնրերին եւ, կարծում եմ, արդյունքը ավելի քան գոհացնող է։ Նկրահանումների ընթացքում օգտագործվել են լուսային հատուկ լուծումներ եւ գրաֆիկական էֆեկտներ, որոնք էլ ավելի տպավորիչ են դարձնում մեր պատվիրակի տեսահոլովակը» - ասել է  Անուշ Տեր-Ղուկասյանը։

Տեսահոլովակի ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատոր՝ Սերգեյ Դիշյուկ։

«Կարինան անկասկած մրցույթի այս տարվա ֆավորիտներից է։ Եվրատեսիլյան երկրպագուներն անհամբեր սպասում էին նրա տեսահոլովակին, որն, ի դեպ, արդեն հասանելի է Եվրատեսիլի յութուբյան էջում» - ասել է Դավիթ Ծերունյանը եւ հավելել, «Մնացել է ընդամենը 20 օր մինչ Մանկական Եվրատեսիլի մեկնարկը, այնպես որ Կարինայի գալիք օրերը գերհագեցած կլինեն փորձերով ու նախապատրասկան աշխատանքներով»։

Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում Հայաստանը։

Մրցույթի հեռարձակման գործընկերն է Արդշինբանկը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: