16.02.2020

«Դեպի Եվրատեսիլում» հաղթեց Աթենա Մանուկյանը

Ավարտվեց Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագիծը, որտեղ հաղթող է ճանաչվել Աթենա Մանուկյանը: Մրցույթի շրջանակներում ստացվել է մասնակցության 53 վավեր հայտ, որոնցից ընտրվել են լավագույն 12 մասնակիցները:

Հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի (33.3%), Հանրային հեռուստաընկերության պրոֆեսիոնալ ժյուրիի (33.3%) և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (33.3%): Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասները կհրապարակվեն փետրվարի 17-ին ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի պաշտոնական կայքում։

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ՝ Աթենա Մանուկյանը կներկայանա “Chains On You” երգով:

Հիշեցնենք, որ մրցույթը արդեն հինգերորդ անգամ կհյուրընկալի Նիդեռլանդները, սակայն այս անգամ այն կանցկացվի՝ Ռոտերդամ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ 2020 թվականի մայիսի 16-ին: Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի՝ երկրորդ հատվածում՝ մայիսի 14-ին:

Հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, Հայաստանը 14-րդ անգամ իր մասնակցությունը կունենա այս հեղինակավոր մրցույթին: