Մանկական Եվրատեսիլ

«Մանկական եվրատեսիլ»  երգի միջազգային մրցույթի մասին

2000 թ–ից սկսած «Մանկական եվրատեսիլ» մրցույթի նախատիպը եղել է սկանդինավյան երկրների միջև անցկացվող երաժշտական մի մրցույթ: Շուտով Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց մրցույթն ընդլայնել ու ներառել ամբողջ Եվրոպան: Ունենալով «Եվրատեսիլ» երգի մրցույթը կազմակերպելու տարիների փորձ՝ ԵՀՄ-ն և ՄԳՊ Նորդիքը որոշեցին անցկացնել առաջին «Մանկական եվրատեսիլ» մրցույթը Դանիայում, որտեղ արդեն անցկացվել էր մրցույթի նախնական տարբերակը: Ի տարբերություն «Եվրատեսիլ» մրցույթի, «Մանկական եվրատեսիլ»-ում մասնակցում են թվով ավելի քիչ երկրներ, իսկ հաղթող երկիրը չի պարտավորվում հյուրընկալել մրցույթը հաջորդ տարի: Սակայն 2012-ից ի վեր մրցույթը հաղթած երկրի հանրային հեռուստաընկերությունը ստանում է ընտրության իրավունք՝ հյուրընկալել մրցույթը կամ հնարավորությունը տալ մեկ այլ մասնակից երկրի:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն տարբերվում «Եվրատեսիլի» հիմնական կանոններից, բայց կան որոշ սահմանափակումներ և պահանջներ, որոնք այն առավել յուրահատուկ են դարձնում: Մրցույթին կարող են մասնակցել 9-14 տարեկան երեխաները: Երգի խոսքերը պետք է լինեն մասնակից երկրի պաշտոնական լեզվով, հնարավոր է օգտագործել բառեր կամ նախադասություններ օտար լեզվով:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: