17.11.2021

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը ներկայացնում է Մալենան

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։

Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է և նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։

Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաև սիրում է պարել և 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

2020 թվականից «TKN» ձայնագրման լեյբլի արտիստ է։