05.11.2020

Հայաստանը չի մասնկացի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Նա միանգամայն տրամաբանական է համարել այս որոշումը։ 

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի է ունենալու 2020թ.-ի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին կմասնակցի 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական եվրատեսիլ 2020-ը» պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա փոփոխված ֆորմատով՝ մասնակիցների ելույթները տեսագրվելու են և հեռուստաշոուի տեսքով ներկայացվելու հեռուստադիտողներին։ 

«Եվրատեսիլ» եւ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալը ասել է. «Հայաստանը Մանկական եվրատեսիլի հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։​