19.11.2016

«Մանկական եվրատեսիլ-2016» երգի մրցույը՝ Առաջին ալիքի եթերում

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում: Այն եթեր կհեռարձակվի վաղը՝ ժամը 19:00-ին, Առաջին ալիքի եւ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, կմեկնաբանի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում կներկայանան «Տարբեր» երգով եւ ելույթ կունենան 2-րդ համարի ներքո: Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:

Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված են նաեւ 4 պարուհիներ, հեղինակն Արտյոմ Գեւորգյանն է: Բեմադրության ընթացքում կկիրառվի նաեւ հատուկ աճպարարական հնարք, որի հեղինակները հայտնի աճպարարներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյաններն են, ովքեր Հանրայինի հրավերով եւս Մալթայում երեխաների կողքին են եւ կօգնեն իրականություն դարձնել մտահղացումը: 

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը,  Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: Հեռարձակման գործընկերն է Վալան պրոֆ ընկերությունը: