11.11.2015

«Մանկական Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան բարձր տրամադրությամբ մեկնում է Սոֆիա

«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան անհամբերությամբ սպասում է, թե երբ է եվրատեսիլյան բեմում կատարելու մրցութային  «LOVE» երգը: Նրա տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ դրական: 

Լրագրողների հետ հանդիպմանը Միկան թեեւ չցանկացավ բացել մրցութային ելույթի բոլոր մանրամասները, այնուամենայնիվ վստահեցրեց՝ լինելու է ուրախ, գունեղ եւ պայծառ շոու: Բեմում Միկայի հետ կլինեն երեք բեք վոկալներ՝ փոքրիկ կուպիդոնի երեք մուսաները: «Անհամբեր սպասում եմ ելույթիս, քանի որ արդեն երեք տարի է մասնակցում եմ Եվրատեսիլի նախընտրական փուլերին: Եվ հենց այս տարի կատարվեց իմ մեծագույն երազանքը, որի համար շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը»,- նշեց Միկան:

«Մանկական Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչը լսել է մյուս բոլոր երկրների ներկայացուցիչների երգերը եւ կարծում է, որ այս տարի թեժ մրցակցություն եւ հետաքրքիր շոու է լինելու:

«LOVE» երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երգի համահեղինակ՝ Միկա: Պարուսույցը Արտյոմ Գեւորգյանն է, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:

Մրցույթը կկայանա նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մասնակից երկրները 17-ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա: