09.09.2014

Ընդունվում են մրցույթի մասնակցության հայտերը

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին.

• Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
• Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տեւողությամբ:
• Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
• Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2014-ի մայիսի 1-ը:
• Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
• Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
• Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են:
• Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների):

Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3, WAV), երգի խոսքերը, կատարողների անձնագրերի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ:
Փաթեթն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին կամ ներկայացնել հետեւյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ. Հովսեփյան 26, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010.65.58.96 կամ 094.49.42.82
Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ  «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում: Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: