Հայկական ավանդույթներն ու սովորությունները

Հայ ժողովուրդը հայտնի է իր հյուրընկալությամբ, ջերմությամբ եւ խաղաղությամբ: Տեղացիները հաճելիորեն զարմացնում են զբոսաշրջիկներին իրենց անմիջականությամբ, անկեղծությամբ և առատաձեռնությամբ։ Հայերն աչքի են ընկնում նաև հարգալից վերաբերմունքով տարեցների նկատմամբ: Մեծահասակների դերը շատ է կարևորվում հատկապես ընտանիքում։ Հայերն ավանդապաշտ ազգ են և ունեն բազում սովորույթներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: 

Ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, որոնք նշում են Սուրբ Ծննդյան տոնը համապատասխանաբար դեկտեմբերի 25-ին և հունվարի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին այն տոնում է հունվարի 6-ին:

1992-ից ի վեր ամեն տարի հունվարի 28-ին հայերը նշում են Հայկական բանակի օրը։ Փետրվարյան տոներից է Տրնդեզը։ Այն նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին (փետրվարի 13-ի երեկոյից սկսած): Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ: Տոնի խորհուրդը խարույկ վառելն է, քանի որ հնում հայերը հավատում էին, որ կրակը խափանում է չարը: Երիտասարդներն ու նորապսակները խարույկի վրայով ցատկում են, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, նորահարսներն էլ մայրանան: Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Մինչ այլ ազգերը տոնում են Սուրբ Վալենտինի օրը, փետրվարի 14-ին հայերն ունեն իրենց սիրահարների տոնը՝ Սուրբ Սարգսի օրը

Ապրիլի 7-ին  հայերը նշում են Մայրության և գեղեցկության տոնը:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր է: Ամեն տարի ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի 1, 5 մլն զոհերի հիշատակին:

Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին։ Այն համընկել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի ազատագրման օրվա հետ:

Մայիսին հայերը տոնում են նաև Առաջին Հանրապետության օրը։ Այն նշում են մայիսի 28-ին: Այդ օրը 1918 թվականին առաջին անգամ հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին: Ժողովրդական տոնը հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ: Այդ օրը հայերը  միմյանց վրա ջուր են ցողում:

Խաղողօրհնեքը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը մարդիկ նաև եկեղեցի օրհնելու են բերում առաջին անգամ քաղած խաղողը։ Խաղողի պաշտամունքը հին սովորություն է. նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին: Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքով:

1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց մոտ 25 000 մարդու կյանք: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր:

Հայ ազգին բնորոշ սովորույթներն ու ավանդույթները ձևավորվել են դարերի արդյունքում։ Ընդունված է կարծել, որ հայերը տաքարյուն են, դրական և անեղծ: Հայերը շատ հոգատար են իրենց երեխաների նկատմամբ, և ամեն ինչից վեր են դասում ընտանիքը

Հարսանեկան արարողությունները, որպես կանոն, մեծ տոնակատարություններ են, նախկինում հարսանիքները տևել են 7 օր և 7 գիշեր։ Սովորաբար հայ երիտասարդները ամուսնանում են միմիայն ծնողների համաձայնությամբ: Փեսացուի ծնողներն այցելում են հարսնացուի ընտանիք, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերում. այս երևույթը կոչվում է «խոսք ուզել» կամ։ Հայերը կարևորում են եկեղեցով ամուսնությունը: