09.05.2017

«Եվրատեսիլ 2017»-ը կմեկնաբանեն Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտնի Իվետա Մուկուչյանը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կկայանա «Եվրատեսիլ 2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Մրցույթին հնարավոր կլինի հետեւել ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում:

Մրցույթն այս տարի կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ ահա հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ 2017»-ի բեմը կշռում է շուրջ 30 տոննա եւ զբաղեցնում է 350 ք.մ. տարածք:  Այն կառուցելու համար ներգրավված է եղել շուրջ 800 մարդ: Մրցույթի շրջանակում կօգտագործվեն աննախադեպ քանակով ձայնային եւ լուսային սարքավորումներ: 

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:

Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը:

Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք- վոկալիստներ: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.amwww.eurovision.am կայքերում, ինչպես նաև Արծվիկի պաշտոնական էջերում՝ Facebook, InstagramTwitter: