01.01.2016

Իվետա Մուկուչյանի տեսաուղերձն ու ամանորյա շնորհավորանքը

Վերջին ամիսներին մենք ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից: Ես ուզում եմ օգտագործել այս հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին մեր մրցույթին: Շատ ուրախ եմ, որ երգեր ենք ստացել նաև մի շարք հայտնի երգահաններից և պրոդյուսերներից: Դժվար էր ընտրել մեկ երգ, որովհետև բազում գեղեցիկ ստեղծագործություններ կային: Պետք է ասեմ, որ այս ամբողջ աշխատանքային գործընթացը նոր էքսպերիմենտ է ինձ համար:

Երգի ընտրության գործընթացը շատ հետաքրքիր է անցնում: Ես և Առաջին ալիքի ստեղծագործական թիմը զգուշորեն լսում ենք բոլոր ստեղծագործությունները և առանձնացնում ենք լավագույնները: Մեզ համար շատ կարևոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր կարծիքը հայտնի:

Երկարատև լսումներից հետո մենք բոլոր ներկայացված երգերից առանձնացրեցինք երկուսը, մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից: Ուզում եմ, որ իմ երգը բոլորի համար մեծ անակնկալ լինի, այնպես որ հիմա չեմ կարող ասել, թե այդ երկուսից որ երգն ենք ընտրել, բայց վստահեցնում եմ, որ երկուսն էլ արժանի թեկնածուներ էին:

Երբ առաջին անգամ լսեցի երգը, այն միանգամից գրավեց ինձ: Այն կարողացավ հասնել իմ հոգուն: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ մենք շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Իմ կատարումը շատ անկեղծ է լինելու, իսկ զգացողությունները՝ բխելու են սրտիս խորքից: Կարծում եմ սա հենց այն է, ինչ հանդիսատեսը ուզում է տեսնել՝ անկեղծություն և իրական զգացողություններ: Մենք կարող ենք շքեղ, շլացուցիչ շոու բեմադրել, բայց հանդիսատեսի համար ավելի հոգեհարազատ են իրական՝ մարդկային զգացմունքները:

Այս տարի Ամանորի ու Սուրբ ծննդյան տոները յուրահատուկ են: Գալիք տարին շատ կարևոր է ինձ համար, ես մեծ սպասումներ ունեմ: Շատ շնորհակալ եմ, որ հենց ինձ է ընձեռնվել այս հնարավորությունը, և կարծում եմ բոլորն էլ գիտեն, թե այս անգամ ինչ եմ խնդրելու Ձմեռ Պապիկից:

Վերջերս բոլորը հարցնում են, թե ե՞րբ է լինելու երգի պրեմիերան: Այս պահին կարող եմ միայն մեկ խորհուրդ տալ՝ հետևեք ինձ սոցիալական կայքերում, քանի որ ես և Առաջինի ստեղծագործական թիմը բազում անակնկալներ ենք պատրաստել Ձեզ համար: Նաև ուզում եմ ասել, որ շատ շուտով բոլորին կրկնակի անակնկալ ենք մատուցելու՝ երգը ներկայացնելու ենք տեսահոլովակի հետ միասին:

Վերջին ամիսների ընթացքում բազում նամակներ և շնորհավորանքներ եմ ստանում իմ երկրպագուներից: Օգտագործելով այս առիթը, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Ինձ համար շատ կարևոր է ձեր կարծիքը և ես իսկապես երջանիկ եմ, որ դարձել եմ եվրատեսիլյան մեծ ընտանիքի մի մասնիկը:  

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մաղթում եմ ձեզ հաջողություն և երջանկություն գալիք տարում, և անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը Ստոկհոլմում: Կհանդիպենք շուտով՝ eurovision.tv -ում: