04.06.2015

«Եվրատեսիլ-2015»՝ խորհրդանշելով միասնությունը

2015 թվականը խորհրդանշական տարի է ողջ հայ ազգի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հանրային հեռուստաընկերությունը հատուկ մոտեցում ցուցաբերեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան այս տարվա մասնակցությանը: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին, որը տեղի ունեցավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, Հայաստանը ներկայացավ բոլորովին նոր ձեւաչափով եւ հատուկ մրցույթի համար ձեւավորված խմբով: “Genealogy” խմբում ազգությամբ 6 հայ արտիստներ են՝ երկրագնդի 5 աշխարմասերից եւ Հայաստանից. խումբը դարձավ միասնականության խորհրդանիշ: “Genealogy” խումբը մեկ երգի եւ բեմադրության միջոցով աշխարհին պատմեց մեր պատմության, Հայաստան եւ սփյուռք հավերժ միասնության, խաղաղության ու սիրո մասին: Մեր ելույթից պարզ դարձավ, որ թեեւ մեր պատմության ցավոտ էջերը երբեք չեն մոռացվել, սակայն ողջ աշխարհում սփռված հայերի նոր սերունդը լավատես է եւ հավատում է մեր ապագային: Հայ ժողովրդի նոր սերունդը եվրոպական բեմից աշխարհին պատմեց հայ ժողովրդի պատմության մասին:

“Genealogy”-ն մրցույթին ներկայացավ “Face The Shadow” (Առերեսվի՛ր ստվերին) երգով, որի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:

Հայաստանը մրցույթում գրավեց 16-րդ հորիզոնականը: Հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովը «Հերոսներ» երգով: