26.03.2015

Հայաստանի Եվրատեսիլյան Տեսաբացիկի նկարահանումներ

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy” խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ:
Տեսաբացիկում մեր մասնակիցները Վիեննայից՝ Եվրատեսիլի կազմակերպիչների կողմից, անակնկալ փաթեթ են ստանում՝ հրավեր դեպի Ավստրիա: “Genealogy” խմբի անդամները բացում են այն, նայում, թե ինչ կա փաթեթի ներսում: Իսկ թե ինչ են գտնում մեր մասնակիցները փաթեթում, կերեւա հաջորդ տեսարանում, որը նկարահանվելու է Վիեննայում: Դա դեռեւս գաղտնի է պահվում կազմակերպիչների կողմից:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկով նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում: Նկարահանման գործընթացն իրականացրել է Ավստրիայից ժամանած խումբը:
“Genealogy” խմբի անդամները մեծ հաճույք են ստացել նկարահանումներից, շրջել Դիլիջանով, վայելել ողջ ընթացքը: Նկարահանումների ընթացքի մասին մանրամասնում են “Genealogy” խմբի ներկայացուցիչները:
Թամար Կապրելյան. «Ընթացքն ուղղակի հիասքանչ էր, այնքան լավ ժամանակ անցկացրինք: Սյուժեն այսպիսին էր` Եսային բարձրացնում էր փաթեթը, արձակում ժապավենը, եւ այդ ընթացքում բոլորս միանում էինք նրան, զարմանքի, նշաններ ցույց տալիս եւ ուրախ բացականչում»։
Եսայի Ալթունյան- «Երեւի մոտ քսան անգամ նկարահանեցինք տեսարաններից մեկը:  Ամեն անգամ նկարահանման ընթացքում փաթեթը բացելիս մի հետաքրքիր բան էինք գտնում ներսում` երբեմն գումար, պլաստիկ քարտեր, դանակ, կամ էլ հեռախոս` վիդեոռեժիմի վրա դրված, որ մեր էմոցիաները նկարահանի»:
Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան- «Եվրատեսիլյան բացիկի նկարահանումներն անցան շատ ուրախ եւ առանց ավելորդ լարվածության։ Ամեն անգամ տեսարաններից մեկը կրկին նկարահանելիս անակնկալ էինք ունենում, ինչն էլ շատ զվարճալի էր»:
Վահե Թիլբյան. «Եվրատեսիլյան բացիկը շատ գեղատեսիլ վայրում ենք նկարահանել։ Ըստ էության, այս վայրն էլ հենց բացիկի տեսք ունի։
Շատ լավ անցավ, վայելեցի ողջ ընթացքը»:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի “Genealogy” խումբը՝ “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին, որտեղ Հայաստանը կներկայանա երկրորդ համարի ներքո, իսկ եզրափակիչ փուլը` մայիսի 23-ին:
Հետեւեք “Genealogy” խմբի գործունեությանը եւ ծանոթացեք նորություններին հետեւյալ սոց. ցանցերում.

Facebook: https://www.facebook.com/GenealogyOfficial
Twitter: https://twitter.com/GenealogyMusic
Instagram: http://instagram.com/genealogyofficial
Google +: https://plus.google.com/117221810368951752286/posts