03.03.2015

Ինգա Արշակյանը կներկայացնի Հայաստանը

Ինգա Արշակյանի հզոր եւ ոգեղեն ձայնն անշփոթելի է եւ սիրելի շատերի կողմից: Ինգան իր քրոջ` Անուշ Արշակյանի հետ միասին, մշտապես ներկայացել է հայրենասիրական, ժողովրդական, մեղեդային երգերով, որոնք մեծ ճանաչում եւ տարածում են ունեցել: Լինելով հայկական ժողովրդական երաժշտության եւ մշակույթի վառ ներկայացուցիչ՝ Ինգան արդեն մեկ անգամ` 2009 թվականին, Անուշ Արշակյանի հետ միասին ներկայացել է եվրատեսիլյան բեմում:
Երաժշտության եւ Հայաստանի նկատմամբ սերն Արշակյան քույրերը ժառանգել են ընտանիքից, դեռ մանկուց Ինգան նվագել է ջութակ: Նա ավարտել է Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը եւ Ա. Բաբաջանյանի անվան քոլեջը՝ որպես ջութակահար: Երաժշտական կրթությանը զուգընթաց, Ինգան աշխատել է Գ. Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում եւ հյուրախաղերով եղել Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում:
Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը դուետ են կազմել 1998 թվականին: 2002 թվականին, ավարտելով լարային բաժինը, Ինգան քրոջ հետքերով ընդունվում է Երեւանի պետական կոնսերվատորիայի  ջազի եւ վոկալի բաժինը եւ ավարտում այն 2005-ին:
Լինելով էթնիկ երաժշտության ներկայացուցիչներ՝ Ինգան եւ Անուշը Երեւանի երգի պետական  թատրոնի անդամներ են եղել: Նրանք հյուրախաղերով ելույթ են ունեցել Լոս Անջելեսի «Ալեքս» համերգասրահում, որից հետո Արշակյան քույրերն անմիջպես ստացել են առաջարկ մենահամարգով հանդես գալու:  Ինգան եւ Անուշը լեփ-լեցուն դահլիճում մենահամերգային ծրագրով ներկայացել են «Ալեքս» համերգասրահում: Միաժամանակ կայացել է իրենց «Մենք ենք այս սարերը» խորագրով առաջին  ալբոմի շնորհանդեսը:
"Golden Lyre 2002" հայկական մրցանակաբաշխության ժամանակ Ինգան եւ Անուշը նվաճել են «Հանդիսատեսի համակրանք»  մրցանակը: 2003 թվականի փետրվարին կյանքի կոչվեց "Seasons of Life" համերգակին ծրագիրը, որը հարուստ էր էթնիկ, ազգային, ինչպես  նաեւ ժամանակակից  կատարումներով:
2004 թվականին նրանց «Թամզարա» երգի վերամշակած տարբերակը հաղթեց  "Golden Lyre 2004"-ին, իսկ մեկ տարի անց Ազգային մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին:
Ձայներիզի թողարկումից հետո դուետը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Թեհրանում, Լոնդոնում, Փարիզում, Ռուսաստանում եւ Գերմանիայում:  2008 թվականից Ինգան եւ Անուշը սկսել են համագործակցել «Շարմ հոլդինգ»-ի հետ:
Ինգայի եւ Անուշի երրորդ ալբոմը «Մենք ենք մեր սարերը»  խորագրով թողարկվեց 2009 թվականի նոյեմբերին: Ալբոմում ներառված նույնանուն երգը դարձավ 2009 թվականի հայկական ամենամյա թելեթոնի երգ՝ «Մեր Շուշի» խորագրով:
2009 թվականին հենց նրանց վիճակվեց «Ջան- ջան» երգով Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթին:  Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն էր, իսկ խոսքերի հայերեն հատվածի հեղինակն էր Ավետ Բարսեղյանը, անգլերենինը՝ Վարդան Զադոյանը: Երգը գործիքավորել էր Արա Թորոսյանը (Մուրզո): Արշակյան քույրերը նոր շնչով ցանկացան ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը:
Մրցույթից հետո էլ քույրերն ակտիվ գործունեություն են ծավալել, մասնակցել ամենատարբեր համերգների, ներկայացել նոր երգերով:
2014 թվականի հունվարին նրանք թողարկել են «Էսքիզներ» ալբոմը: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև երգարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար երգչուհի Ինգա Արշակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
2015 թվականին Ինգան կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Ինգան ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:  Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին: