18.03.2020

Եվրատեսիլ 2020 երգի մրցույթը չեղարկվել է

⁣⁣«Մեծ ցավով ստիպված ենք հայտարարել Ռոտերդամի Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի չեղարկման մասին։⠀⠀ ⠀

Եվրոպայում COVID-19-ի տարածմամբ ստեղծված անորոշությունը և մասնակից հեռարձակողների կառավարությունների, ինչպես նաև Նիդեռլանդների իշխանության հայտարարած սահմանափակումները հաշվի առնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունն ընդունել է դժվար որոշում՝ իրադարձությունն ըստ ծրագրի շարունակելն անհնար է։⠀⠀

 Մենք հպարտ ենք, որ վերջին 64 տարիների ընթացքում «Եվրատեսիլ» երգի մրցույթն ամեն տարի առանց ընդհատումների միավորել է հանդիսատեսին, և մենք աշխարհի միլիոնավոր երկրպագուների պես, խիստ վշտացած ենք, որ այն չի կարող տեղի ունենալ մայիսին։⠀⠀

 Խնդրում ենք մարդկանց դիմանալ, մինչ մենք վերլուծում ենք այս աննախադեպ որոշման հետևանքները, և համբերությամբ սպասել լրացուցիչ տեղեկությունների մոտակա օրերի և շաբաթների ընթացքում։⠀⠀ ⠀ Կցանկանայինք արժանին մատուցել Նիդերլանդների հյուրընկալող հեռարձակողի թիմին և մեր 41 անդամներին, որոնք ջանասիրությամբ աշխատել են այս տարվա իրադարձության կազմակերպման վրա», - ասվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական էջում:

 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ որևէ այլ տեղեկություն դեռ չկա: Հետևեք Հանրային հեռուստաընկերության պաշտոնական էջերին՝ առաջինը տեղեկանալու նորություններին: ⠀