11.12.2016

Մարտան, Արծվիկը, Ւջինը և Սյուզաննան շարունակում են պայքարը

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ ունեցան մրցույթի 6 մասնակիցները` Սյուզաննա Մելքոնյանը, Իջինը, Արծվիկը, Լուսին, Մարտան և Վահե Ալեքսանյանը: 

Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների կողմից տրված միավորների և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում` մրցույթի շրջանակում իրենց պայքարը հնարավորություն ստացան շարունակելու հետեւյալ 4 մասնակիցները` Արծվիկը, Մարտան, Իջինը և Սյուզաննա Մելքոնյանը:

Ժյուրիի անդամները մրցույթի մասնակիցների ելույթները գնահատել են 1-6 միավորի շրջանակում` ամենից շատ հավանած մասնակցին տալով առավելագույն 6 միավոր:  Ժյուրիի կազմում էին երաժշտագետ, խմբավար Նաիրա Գյուրջինյանը, «Արցախի ձայներ» նախագծի հիմնադիր-ղեկավար, երաժշտական պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը, երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասատրյանը, երգերի խոսքերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, բեմադրող պարուսույց Քրիստինա Ավագիմյանը, պրոդյուսեր Արթուր Ղուկասյանը, դիզայներ, քանդակագործ Նուռը (Արման Դավթյան):

Ժյուրիի  բոլոր մասնակիցների տված միավորները գումարվել են իրար և դարձել ընդհանրական միավորներ: Քվեարկության արդյունքում 20 միավորի արժանացել է Լուսին, 25 միավորի` Իջինը, 31 միավորի` Սյուզաննա Մելքոնյանը, 32 միավորի` Արծվիկը, 33 միավորի` Վահե Ալեքսանյանը և 48 միավորի` Մարտան:

Մի փոքր այլ էր sms քվեարկության պատկերը: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի sms քվեարկության գործընթացն իրականացրել է «Նիկիտա մոբայլ» ընկերությունը: Հայաստանից և Արցախից իրականացված քվեարկության համաձայն` 15 միավոր ստացել է Վահե Ալեքսանյանը, 17 միավոր` Լուսին, 33 միավոր` Իջինը, 36 միավոր` Սյուզաննա Մելքոնյանը, 39 միավոր` Արծվիկը, իսկ 49 միավոր` Մարտան:       

 «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 17-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Այս անգամ մասնակիցների ելույթները կգնահատեն միջազգային ժյուրիի անդամները, ինչպես նաև մեր հայրենակիցները` sms քվեարկությամբ: Այս փուլի ընթացքում 4 մասնակիցներից կընտրվեն 2 լավագույնները, ովքեր էլ կշարունակեն պայքարը մրցույթի եզրափակիչ փուլում: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am կայքում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբի պաշտոնական ալիքում, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքի պաշտոնական էջում եւ ինստագրամում։