Եվա Ռիվաս 2010
2010թ-ին Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթում ներկայացրեց Եվա Ռիվասը: Իր «Ծիրանի կորիզ» երգով նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը հավաքելով 141 միավոր: Երգի հեղինակներ են Արմեն Մարտիրոսյանը և Կարեն Կավալերյանը:
Եվա Ռիվասը ծնվել է 1987թ-ի հուլիսի 13-ին Դոնի Ռոստովում: Եվա Ռիվաս բեմական անունը նա վերցրել է իր նախատատից, ով ազգությամբ հույն է: 1996-2004թթ. որպես սոլիստ նա հանդես է եկել Դոնի Ռոստովի “Արևիկ” անսամբլում: Եվան կատարել է և´ դասական, և´ էստրադային երգեր, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան ստեղծագործություններ: Որպես մենակատար` Եվան բազմաթիվ մրցույթների դափնեկիր է:
2005թ-ը Եվայի համար նշանավորվեց որպես նոր ձեռքբերումների տարի: Նա ճանաչվեց Ռոստովի Ոսկե Ձայն (Golden Voice of Rostov) և Դոնի Միսս Մարգարիտ (Miss Pearl of Don): Նա նաև գրավեց երկրորդ տեղը Երևանում տեղի ունեցած Միսս Կովկաս մրցույթում:
Նույն թվականին Տարվա Հայկական Երգ ամենամյա մրցույթում նա առաջին մրցանակին արժանացավ: 2008թ-ին Եվան սկսեց իր համագործակցությունը Armenian Production պրոդյուսերական կենտրոնի հետ: 2009թ-ին նկարահանվեց նրա «Թամամ աշխարհ» տեսահոլովակը, որի ռեժիսորն էր Բուքհադիր Յուլդեշեվը` մի շարք հայտնի արտասահմանյան տեսահոլովակների և ֆիլմերի ռեժիսոր: Տեսահոլովակը լայն տարածում է գտել Հայաստանում և արտասահմանում:

















