Անդրե 2006
2006 թվականին առաջին անգամ Եվրատեսիլ Երգի Մրցույթում Հայաստանը ներկայացրեց Անդրեն “Without your love” երգով (հեղինակներ` Արմեն Մարտիրոսյան, Քեթրին Բեկյան): Նա հավաքեց 129 միավոր և զբաղեցրել 8-րդ տեղը:
Անդրեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: 6 տարեկանում ընդունվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, որտեղ սովորել է դաշնամուրի բաժնում: Արդեն 3 տարի անց Անդրեն գրեց իր առաջին “Աղոթք” երգը, որը նվիրվում էր Աստծուն: Արցախյան պատերազմի տարիներին Անդրեն երգում էր “Արցախի երեխաները” մանկական խմբում, որը ելույթ էր ունենում ռազմական տարբեր զորամասերում: 15 տարեկանում մասնակցել է “Ռենեսանսի ճանապարհ” մրցույթում` որպես անհատ կատարող, և դարձել է մրցանակակիր, որն էլ սկիզբ է դրել իր հետագա գործունեությանը:
“Ռենեսանսի ճանապարհ” մրցույթին հաջորդեցին մի շարք համերգներ Արցախում, Հայաստանում և բազում հաղթանակներ տարբեր միջազգային մրցույթներում` Դոնեցկ, Մոգիլյով, Մոսկվա, Ալմաատա, Կալիֆորնիա, Իրան, Վրաստան և այս ցուցակը դեռ չի պարունակում այն երկրները, որտեղ Անդրեն համերգներ է ունեցելև մասնակցել մրցույթների:
Անդրեն բազմաթիվ երգի մրցույթների մրցանակակիր է: Նրան շնորհվել են բազում արծաթե և ոսկե մեդալներ, նրա երգերը միշտ գրավում են միմիայն առաջին հորիզոնականները: Ամենակարևորն այն է, որ Անդրեն շահել է Հայաստանի և արտասահմանի հազարավոր երկրպագուների սերն ու ճանաչումը:
Հայաստանի Ազգային ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունում Անդրեն երկու անգամ ճանաչվել է տարվա լավագույն երգիչ:















