Վլադիմիր Արզումանյան

 

2010թ. Մանկական Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մրցույթը 120 միավորով: Մրցույթը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում, որտեղ Վովան իր «Մամա» երգով արժանացավ ժյուրիի և հանդիսատեսի բարձր համակրանքին:


«Դաշնամուր նվագող աղջկան» ուղղված երգը ամենաբարձր գնահատականի արժանացավ Ուկրաինայի, Շվեդիայի, Ռուսաստանի և Բելգիայի կողմից, և Հայաստանը մրցույթի ընթացքում հավաքեց ամենաշատ 12 միավորները: «Մամա» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Վովան է, իսկ գործիքավորումը արել է հայտնի  երաժիշտ Դերհովան:

Վլադիմիր Արզումանյանը ծնվել է 1998թ. մայիսի 26-ին Ստեփանակերտում երաժշտագետների ընտանիքում: Նա երգում է 6 տարեկանից և արդեն հասցրել է մասնակցել մի շարք հայկական և միջազգային մրցույթների: Նա համահայկական «Կարոտ» ու «Առնո Բաբաջանյանի» անվան փառատոններում արժանացել է դիպլոմների: 2010 թվականի ամռանը մանկական « Նոր ալիք» մրցույթում նա գրավեց երրորդ տեղը:


Երբեմն Վլադիմիր Արզումանյանը օգտագործում է «Վով-1» բեմական անունը: Այժմ Վովան երգում է հայերենով, ռուսերենով, անգլերենով և իտալերենով: Նա երազում է զուգերգ կատարել իր ամենասիրած երգչի` Սթիվի Ուանդերի հետ:

Բացի երաժշտությունից Վովան հետաքրքրվում է նաև ֆուտբոլով ու կարատեով: Նա ունի կարատեի դարչնագույն գոտի: Վովան երազում է դառնալ ֆուտբոլային ակումբի «երգող» նախագահ և հավատում է, որ մի օր «ժամանակի մեքենա» կհայտնագործվի: Վլադիմիրը շատ է սիրում նաև նմանակել հայտնի մարդկանց: Հագուստի հարցում նախընտրում է ջինս և կանաչ գույնի բոլոր երանգները:

Երգեր
Մամա
2.55 ՄԲ
Գրեք մեզ
Հետեվեք մեզ